Հոգու սուսերը
01.03.2023 | 07:28
Մի՛ կարծեք, թե եկա խաղաղություն հաստատելու երկրի վրա. չեկա հաստատելու խաղաղություն, այլ՝ սուր:
Մատթ.10;34
Շատերը, Ավետարանում կարդալով «փոթորիկներ խաղաղեցնողի» այս խոսքերը, տարակուսում ու երկմտում են. ինչպե՞ս: Իսկ Աստվածաշնչում հակասություններ փնտրողները՝ բացահայտ ցնծում են ու հաղթականորեն չարախնդում:
Այո՛, Նա հայտարարում է. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ»,- բայցեւ՝ «ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն եւ չվախենաք» (Հովհ.14;27): Տիրոջ խոսքում խաղաղություն բառին հակադրվող սուր բառը չի նշանակում պատերազմ, այլ հակառակություն եւ բաժանում (Ղուկ.12;51): Այդ հայտարարությունը արմատախիլ է անում ցանկացած փոխզիջում, փոխհամաձայնություն, որ կարող է մեզ խանգարել ընթանալ Խաչի ճանապարհով: Միայն Սուրբ Պատարագի գնացող եւ դրանով իրենց հոգեւոր ընթացքը տնից Եկեղեցի ձգվող ճանապարհով սահմանափակող մարդկանց համար Տիրոջ հայտարարությունը շատ անհարմար է. չէ՞ որ նրանք անցնցում ընտանեկան երջանկություն են ուզում վայելել ու գոհանալ Աստծուց: Բայց չէ՞ որ քրիստոնյայի կյանքը վայելք չէ, այլ խաչակրություն. «Եթե մեկը Ինձ մոտ գա եւ չնախընտրի Ինձ իր հորից ու մորից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր անձից անգամ, չի կարող Իմ աշակերտը լինել, որովհետեւ ով որ չվերցնի իր խաչը եւ Իմ ետեւից չգա, չի կարող Իմ աշակերտը լինել» (Ղուկ.14;26-27): Սակայն խաչակրությունը կորագլուխ ու գետնաքարշ բեռնակրություն չէ, այլ պայքար՝ ամենայն զգոնությամբ ու զգաստությամբ: Իսկ պայքարի համար սպառազինություն է անհրաժեշտ. «Եւ առե՛ք փրկության սաղավարտն ու Հոգու սուսերը, որ է Աստծո Խոսքը» (Եփ.6;17): Այդ սուսերը մեղքի ստրկացնող կապանքների դեմ ազատարար պայքարի երաշխավորն է. «Հիշի՛ր մեռելներից հարություն առած Քրիստոս Հիսուսին՝ Դավթի ցեղից, իմ քարոզած Ավետարանի համաձայն, որի համար չարչարվում եմ եւ շղթայված իսկ եմ, ինչպես չարագործը. բայց Աստծո Խոսքը շղթայված չէ» (Բ Տիմ. 2;8-9):
Բոլորին հայտնի է հանգուցալուծում բառի ծագումը, որ գալիս է «գորդյան հանգույցի» առեղծվածին Ալեքսանդր Մակեդոնացու տված լուծումից: Հոգեւոր կյանքում եւս պրկված այլազան հանգույցների դեմ միայն մեկ միջոց կա. «Կենդանի է Աստծո Խոսքը, ազդու եւ ավելի հատու, քան ամեն մի երկսայրի սուր. եւ կտրում անցնում է մինչեւ ոգու եւ հոգու, հոդերի եւ ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները» (Եբր.4;12): Փաստորեն հոգեւոր սուրը հոգեւոր ինքնապաշտպանության միջոց է. «Եւ նրանց ասաց. «Երբ ուղարկեցի ձեզ առանց քսակի, մախաղի եւ կոշիկների, մի՞թե որեւէ բանի կարոտ մնացիք»: Եւ նրանք ասացին՝ եւ ո՛չ մի բանի: Ապա ասաց. «Իսկ այժմ՝ ով որ քսակ ունի, թող վերցնի այն, նույնպես եւ՝ մախաղ. իսկ ով որ չունի, թող վաճառի իր վերարկուն եւ իր համար սուր գնի: Բայց ասում եմ ձեզ, այս եւս, որ գրված է, պետք է, որ կատարվի Իմ վրա, թե՝ «Անօրենների հետ դասվեց». որովհետեւ, ինչ որ Ինձ համար է գրված, կատարելու վրա է»: Եւ նրանք ասացին. «Տե՛ր, ահավասիկ այստեղ երկու սուր կա»: Եւ նրանց ասաց. «Բավական են» (Ղուկ.22;35-38): «Երբ նրա շուրջը գտնվողները տեսան եղածը, նրան ասացին. «Տե՛ր, սրով նրանց հարվածե՞նք»: Եւ աշակերտներից մեկը հարվածեց քահանայապետի ծառային եւ կտրեց դեն գցեց նրա աջ ականջը: Հիսուս պատասխանեց եւ ասաց. «Թու՛յլ տվեք, բավ է եղածը»: Եւ դիպչելով ականջին՝ այն բժշկեց: Եւ իր վրա եկած քահանայապետներին, տաճարի իշխանավորներին եւ ծերերին ասաց. «Ինչպես ավազակի՞ վրա եք գալիս սրերով ու մահակներով. միշտ ձեզ հետ էի տաճարում, եւ դուք ինձ վրա ձեռք չերկարեցիք. սակայն ա՛յս է ձեր ժամը եւ խավարի իշխանության զորությունը»» (Ղուկ.22;49-53):
Այպեսեւ պիղծ եւ աստվածընդդեմ խոսքերը մահաբեր ախտի ու համաճարակի նման լափում ու կլանում են տատամսող մարդկանց հոգիները եւ կործանում. «Բայց պիղծ բաներից եւ սնոտի խոսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները ավելի ու ավելի առաջ են գնում ամբարշտությունների մեջ, եւ նրանց խոսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում» (Բ Տիմ. 2;16-17): Խաղաղությունը պետք է հաստատված լինի Եկեղեցում, բայց Եկեղեցին պետք է զատվի աշխարհից, զտվի աշխարհի ապականությունից եւ ինքնապաշտպանական պայքարով պահի իր սրբությունը. «Աղը լավ բան է, բայց եթե աղը անհամանա, ինչո՞վ պիտի համեմվի. արդ, դուք ձեր մե՛ջ ունեցեք աղը եւ իրար հետ խաղաղությա՛մբ ապրեցեք» (Մարկ. 9; 49):
Աշխարհի դեմ պետք է պայքարենք, որովհետեւ Աստծո հետ կնքված հաշտության պայմանագիրը այդ է պահանջում. «Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ սերը այս աշխարհի հանդեպ՝ թշնամություն է Աստծու դեմ, քանի որ, ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կանի» (Հակ. 4;4): «Հնազանդվեցե՛ք, ուրեմն, Աստծուն եւ դիմադրեցե՛ք Սատանային, ու նա կփախչի ձեզանից: Մոտեցե՛ք Աստծուն, եւ նա կմերձենա ձեզ: Մեղավորնե՛ր, մաքրեցե՛ք ձեր ձեռքերը. երկմիտնե՛ր, ուղղեցե՛ք ձեր սրտերը. տառապեցե՛ք, սգացե՛ք եւ լացե՛ք. ձեր ծիծաղը սուգի թող վերածվի, եւ ձեր ուրախությունը՝ տրտմության: Խոնա՛րհ եղեք Տիրոջ առաջ, եւ նա ձեզ կբարձրացնի» (Հակ.4; 7-10): «Քանզի Աստված էր, որ Քրիստոսով աշխարհը հաշտեցրեց Իր հետ եւ հաշվի չառավ նրանց մեղքերը ու տվեց մեզ հաշտության Խոսքը» (Բ կորնթ.5;19):
Քրիստոսի տված խաղաղությունը մեր ներաշխարհի փոթորիկները խաղաղեցնելու համար են: Քրիստոնյան պայքարի երկու ասպարեզ ունի՝ մեղավոր աշխարհը եւ իր մեղսահակ հոգին: Երկրորդ ասպարեզում պայքարը ավելի հետեւողական պետք է լինի, որովհետեւ ներքին պայքարի ելքից է կախված արտաքին պայքարի հաջողությունը: Մեր ներաշխարհում է սկսվում արտաքին աշխարհի փոփոխությունը, մեր շուրջը կատարվող ամեն բան մեր ներաշխարհի արտացոլումն է: Հայտնի խոսք է.«Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»,- իսկ մեր հավատի պայքարը անդադար է, մինչեւ իսկ «արյուն թափելու չափ մեղքին հակառակվելու» հրամայականով, հաղթանակի պսակը՝ խաղաղությունը՝ հավիտենական:
Երեցկին՝ Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս
Մեկնաբանություններ